«Երասխի ուղղությամբ հարձակում է սպասվում, այնտեղ շատ մեծ թվով զորք է կուտակված». Մանախ (տեսանյութ)

Նոր պատերազմն անխուսափելի է, որն այս անգամ կլինի ՀՀ սահմաններին, Երասխի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախը)։

«Փաշօղլու ընկեր՝ քաղաքակիրթ Ալիևը կարողանում է իր ասածները ռեալ գործողության վերածել, սրա հետ չես կարող վիճարկել այսօր։ Ի հակադրում նրա ասածների, պետք է հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ասել կամ արել մինչ օրս։ Փաստացի, Ալիևն, արդեն, այնքան էշելոնացված դիրքեր ունի ՀՀ իշխանությունների կազմում, որ հաջողում է մեր պետության դեմ ձեռնարկած իր բոլոր ծրագրերում»,- նշել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ արված այն հայտարարությանը, թե հայերը պետք է մոռանան տարածքային ամբողջականության մասին խոսակցությունները, հակառակ պարագայում՝ ինքը մեզ հետ կխոսի պատերազմի լեզվով։

Ըստ նրա՝ առաջիկա նոր պատերազմն անխուսափելի է, ավելին՝ այն մեկնարկելու է Երասխի ուղղությամբ՝ ներգրավելով ևս երեք ուղղություններ՝ Տավուշը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը։ «Տիգրանաշենի ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մենք պետք է գնանք ռևանշի և եթե, նույնիսկ, մենք էլ դա չսկսենք, միևնույն է՝ ռևանշ լինելու է։ Ադրբեջանի ախորժակը բացվել է ուտելու ժամանակ, իսկ ո՞վ է այդ կերակուրը նրան տվել՝ իհարկե Նիկոլ Փաշօղլին։ Հետևաբար, այո, մեզ 24-ժամյա ռազմական սադրանքներ են սպասվում։ Երասխի ուղղությամբ հարձակման են անցնելու, որովհետև այնտեղ չափից շատ մեծ թվով զորք և ուժեր են կուտակված»,- հայտարարել է ազատամարտիկը։

Մանախի դիտարկմամբ՝ Ալիևը, վստահաբար, ունի հաղթանակի հասնելու իր հաշվարկները. «Պետությունը պատերազմին շեմին է, սրանք որոշում են կրճատել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Լա՜վ, հիմա դա անելու ժամանա՞կն էր։ Էլ չեմ ասում՝ բացի նրանից, որ մենք, արդեն, երեք ամսից ավել է, չունենք Գլխավոր շտաբի պետ, պատերազմական այս իրավիճակում, չունենք նաև ռազմական հետախուզության գլխավոր վարչության պետ, մինչդեռ, մենք պետք է ունենայինք նաև արտաքին հետախուզության ծառայություն, որը, նույնպես, չկա»։

Ազատամարտիկը կոչով դիմում է ազգին. «Սահմանապահ շրջաններում ապրող հայրանակիցներ, ձեռնարկեք՝ ով ինչ կարող է։ Պատերա՞զմ է սկսվելու, ուրեմն թող սկսվի։ Եթե մեռնելու ենք՝ խռխռալս ո՞րն է։ Պատրաստվեք պարտիզանական պայքարի, ֆիդայական շարժման, ուրիշ տարբերակ մենք այսօր չունենք։ Փառք Աստծո, Ռուսաստանի Դաշնության տանկի ցեպը մեր հողի վրա է՝ ուզեն – չուզեն՝ պաշտպանելու են մեզ, մենք կտանենք դրան։ Մենք իրենց դաշնակիցներն ենք, իսկ, եթե նրանք սա լավ չեն հասկացել՝ կբացատրենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։