«Դիմադրության» շարժման համակիրներն ու երթի մասնակիցները փորձում են ճեղքել Կառավարական առանձնատան դիմաց կազմված ոստիկանական պատը: Սկսվել է հրմշտոց, նաև շշեր են շպրտվում միմյանց ուղղությամբ: Իրավիճակը գերլարված է:
Նշենք, որ լսվեց կիրառվող հատուկ միջոցի ձայն, սակայն հստակ չէ, թե ո՞ր կողմն է օգտագործում այն: Ընդդիմադիրները միմյանց կոչ են անում իրենց շարքերից հեռացնել երեխաներին: Նաև որպես կարգախոս հնչեցնում են «թուրքեր, թուրքեր»:]
Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիներ և ոստիկաններ են տեղափոխվել հիվանդանոցներ, բերման ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարած ակտիվիստները:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ:
Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չունեցավ. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսվում էր հանրահավաք, այնտեղից էլ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: