Ջուրը թանկանում է. որքանո՞վ և երբվանի՞ց են թանկ վճարելու

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների նոր սակագին, որն արդեն իսկ հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Կառույցը բավարարել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտը, որի համաձայն գալիք տարվա առաջին օրվանից ծառայությունը կթանկանա 20,47 դրամով և կկազմի 1 խորանարդ մետրի համար 200,47 դրամ։ Ընդ որում՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Թանկացման հայտը «Վեոլիա Ջուրը» ներկայացրել էր այս տարվա օգոստոսի 9-ին։ Հանձնաժողովը սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնասիրություններ է կատարել ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։

Միաժամանակ, սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու  նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։