Ի՞նչ բնական միջոցներով է հնարավոր բարձրացնել իմունիտետը

Ուշադրություն դարձրե՞լ եք, որ որոշ մարդիկ կարող են հանգիստ նստել միջանցիկ քամու տակ, սառնամանիքի ժամանակ զբոսնել թեթև հագուստով, անգամ՝ շփվել մրցած ծանոթների հետ և խուսափել հիվանդանալուց։ Մինչդեռ, մյուսները ամեն կերպ հետևում են իրենց, սակայն հիվանդություններից աչք չեն բացում։ Ինչո՞ւմն է բանը։ Պարզվում է՝ ամեն ինչ հանգում է իմունիտետին։

Մեր իմունիտետը օրգանիզմը վիրուսներից և բակտերիաներից պաշտպանելու հիմնական մեխանիզմն է։ Էվոլյուցիայի ընթացքում իմունային համակարգի զարգացմամբ է պայմանավորված մարդու գոյությունը։ Իմունիտետը լինում է բնական և ձեռքբերովի։

ԻՄՈւՆԻՏԵՏԻ ԱՆԿՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈւՄԸ

Իմունային համակարգի խափանման նշաններն են սուր շնչառական հիվանդությունները, քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների (տոնզիլիտ, գայմորիտ, բրոնխիտ, պիելոնեֆրիտ, ադնեկսիտ և այլն) հաճախակի սրացումները, հերպետիկ ցաների հաճախակի կրկնությունները, մաշկի վրա թարախային վերքերի գոյացումը, հոդերում և մկաններում ցավերը, մարմնի ջերմաստիճանի տևական բարձրացումը կան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում ջերմաստիճանային ռեակցիայի բացակայությունը, լիֆմատիկ հանգույցների մեծացումը, վերքերի դժվար ապաքինումը, չարորակ գոյացությունները, թուլությունը, քրոնիկ հոգնածության սինդրոմը։

Մարդու իմունային համակարգը ձևավորվում է դեռևս մոր արգանդում և մեծապես կախված է ժառանգական գործոններից, սակայն դրանում մեծ նշանակություն ունի նաև ապրելակերպը։ Ժառանգականությունը փոխել չենք կարող, բայց իմունիտետը կարող ենք ամրացնել։

ԻՆՉՊԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ԻՄՈւՆԻՏԵՏԸ

Կոփում. Դա իմունային համակարգի մարզումն է։ Գլխավոր սկզբունքը չափավորությունն է, աստիճանաբար կիրառումը և պարբերականությունը։ Սկսեք քչից, շատ զբոսնեք, հաճախակի օդափոխեք բնակարանը, ոտաբոբիկ ման եկեք տանը, սառը ջրով թրջած սրբիչով կամ սպունգով շփումներ կատարեք, լվացվեք սառը ջրով։ Դրանից հետո կարելի է անցնել ավելի լուրջ պրոցեդուրաների՝ սառը ջրով լոգանքի, կոնտրաստային ցնցուղի, որն, ի դեպ, շատ օգտակար է սրտանոթային համակարգը մարզելու, մաշկի որակը բարելավելու, ցելյուլիտի կանխարգելման համար։ Միայն թե մի մոռացեք զգուշության մասին։ Արդեն իսկ սրտանոթային համակարգի խնդիրներ ունենալու դեպքում նախապես խորհրդակցեք սրտաբանի հետ։

Շատ կարևոր է պարբերաբար կիրառել կոփման միջոցառումները, խուսափել մեծ ընդմիջումներից։ Դրանք կարելի է սկսել միայն լիարժեք առողջ լինելու դեպքում։

ՍՆՈւՆԴ

Օրգանիզմի ամրացման համար անհրաժեշտ է հավասարակշռված սննդակարգ պահպանել, օգտագործել վիտամիններով և միկրոէլեմենտներով սնունդ։ Սնունդը պետք է առավելագույնս բազմազան լինի։ Ցանկալի է ամեն օր ապահովել մթերքի բոլոր հիմնական խմբերը՝ կաթնայիններ, կրախմալայիններ, բանջարեղեն, մրգեր, բարդ ածխաջրեր պարունակող սնունդ, սպիտակուցներ և ճարպեր։ Բարդ ածխաջրեր պարունակում են հատիկավորները, մակարոնեղենը, կարտոֆիլը, թեփից պատրաստված հացը և ամբողջական հացահատիկից պատրաստված առանց խմորիչի հացը։ Ի տարբերություն շաքարում, թխվածքներում և այլ քաղցրավենիքներում առկա պարզ ածխաջրերի՝ դրանք երկար են յուրացվում։ Մարդուն անհրաժեշտ են նաև չմարսվող ածխաջրեր՝ բջջանյութ կամ սննդային մանրաթել: Դրանք հագեցվածության զգացում են առաջացնում, օգտակար են նաև մարսողության համար։ Նման ածխաջրեր կան վարսակի, կոշտ աղացած ալյուրից հացի մեջ։

Մեր օրգանիզմին անհրաժեշտ են նաև ճարպեր, քանզի դրանք օգնում են յուրացնել А և Е վիտամինները։ Օրգանիզմում ճարպերի անբավարար քանակության դեպքում մաշկը վատ տեսք է ունենում, տուժում է լյարդը, դադարում են արտադրվել սեռական հորմոնները։ Ճարպերը լինում են հագեցած և ոչ հագեցած։ Վերջիններն ավելի լավ են յուրացվում, հետևաբար, ավելի օգտակար են։ Նման ճարպեր կան ձկան յուղալի տեսակներում, ավոկադոյում, նուշի մեջ, ձիթայուղում։ Բնականաբար, պետք է սահմանափակել թաքնված ոչ օգտակար ճարպեր պարունակող մթերքները, օրինակ՝ մայոնեզը, երշիկը, տորթերը։

Սպիտակուցի աղբյուր են ձուկը, միսը, կաթնամթերքը, ձուն, լոբազգիներն, ընկուզեղենն ու սունկը։ Հնարավորինս շատ միրգ և բանջարեղեն օգտագործեք, ցանկալի է առանց ջերմային մշակման՝ վիտամինները պահպանելու համար։ Եվ, իհարկե, եղեք ֆիզիկապես ակտիվ, առույգ, զերծ մնացեք վտանգավոր սովորություններից և լցվեք պոզիտիվ էներգիայով ու լավատեսությամբ։