Վլադիմիր Պուտին. «Այստեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդրի լուծումը փոխզիջումներ է պահանջում։ Այդ մասին «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա համարում է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։ ՌԴ ղեկավարը նաև արժանին է մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք, նրա խոսքերով, չնայած բոլոր բարդություններին՝ քաղաքական իմաստություն դրսևորեցին և համաձայնեցին կանգնեցնել արյունահեղությունը։

«Այդուհանդերձ, չնայած կատարվող իրադարձությունների ողբերգական բնույթին, նրանց հաջողվեց վեր կանգնել ընթացիկ քաղաքական կոնյուկտուրայից և չափազանց պատասխանատու որոշում կայացնել։ Գիտեմ, որ երկու երկրներում էլ դժգոհություններ կան, նույնիսկ արտահայտություններ են հնչում նրանց ղեկավարների հասցեին։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից գոհ չեն կամ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Բայց միշտ առաջ է գալիս պատասխան՝ փորձեք ավելի լավ անել: Այդուհանդերձ, նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը: Բայց հարցը նույնիսկ դա չէ, թեպետ մարդկանց կյանքերը պահպանելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այնուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, մասնավորապես՝ անհրաժեշտ է ընդհանրապես այդ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ ստեղծել։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմն էլ երկարաժամկետ կտրվածքով ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները և, ուզում եմ ընդգծել, գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Իսկ դրանում շահագրգռված են բոլորը։ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի կարողանա նորմալ կապ ունենալ Նախիջևանի հետ, շահագրգռված է կոմունիկացիաների ապասառեցմամբ։ Հայաստանի համար առաջնային խնդիր է արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումը, տարածաշրջանում փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն Հայաստանն այս ամենով շահագրգռված է: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ տալ։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ: Հնարավոր է»,- հայտարարել է Վ. Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է նաև, որ իրենք արել են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունը դադարի։ «Բայց ոչ միայն դա: Մեր խաղաղապահները պատվով կատարում են իրենց պարտքը: Արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հարազատ վայրեր: Հակամարտության գոտում ընդհանուր առմամբ հաջողվում է իրավիճակը պահել այնպես, ինչպես կա: Լայնածվալ ռազմական գործողություններ չկան: Այո, ցավոք, միջադեպեր լինում են: Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են զոհվում, բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել ամբողջովին կատարյալ պատկեր այդքան երկար տարիների դիմակայությունից հետո: Հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել: Այստեղ մեզ, հավանաբար, նույնիսկ պետք էլ չէ որևէ մեկը, բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում: Հիմնվելով այդ փաստաթղթերին՝ անհրաժեշտ է հանգիստ քննարկել կողմերի հետ։ Այստեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի: Հասկանալի է, որ դա շահավետ է երկու կողմերի համար էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

Բանախոսը նաև հավելել է. «Առայժմ ընդհանուր առմամբ կարողանում ենք իրականացնել մեր առջև դրած նպատակը։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է ապագային նայել՝ տեսնել, թե ինչ կլինի: Խնդիրը միայն նրանում չէ, որ Հայտարարությամբ (խմբ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) քննարկելի է այնտեղ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ժամկետի երկարաձգումը: Միթե՞ խնդիրը դրանում է: Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելն է: Ահա, թե որն է ամենագլխավորը: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի անել դա»,- եզրափակել է Վ. Պուտինը։