Սարսափելի վթար Երևան-Գյումրի ճանապարհին. նախնական տվյալներով կա 5 զոհ և 13 վիրավոր

Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոմայրուղու 50-րդ կիլոմետրին։ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է առնվազն 5 զոհի և 13 տուժածի մասին։

ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին, ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 13 տուժած, որոնցից 10-ը տեղափոխվել է «Արմենիա», 3-ը՝ Աշտարակի ԲԿ»։