Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին չդիմեց ՀԱՊԿ-ին

Ղազախական իրադարձությունների և դրանց համատեքստում ՀԱՊԿ միջամտության մեխանիզմի գործարկումը Հայաստանում առաջացրել է որոշակի տարածված համեմատություններ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունների առնչությամբ, հարցադրումով, թե ինչո՞ւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չդիմեց ՀԱՊԿ-ին կամ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, կամ՝ Ռուսաստանը չմիջամտեց ՀԱՊԿ կամ այլ մեխանիզմով: Շատերին հետաքրքրող թեմային անդրադարձել է «1in.am»-ը։

Լրատվամիջոցը բնական համարելով այդօրինակ զանգվածային իրադարձությունների պարագայում համեմատությունները 2018-ին Հայաստանում տեղի ունեցածի հետ՝ միաժամանակ նշում է, որ զուտ քաղաքական, առարկայական-բովանդակային, համատեքստային առումով այդօրինակ համեմատությունները պահանջում են բավականին բծախնդիր վերաբերմունք անգամ մանրուքների հանդեպ, որովհետև զանգվածային զարգացումները նույնական չեն լիում, անգամ նման չեն լինում երբեք:

«Դրանք ունենում են ներքին ու արտաքին բազմաթիվ տարբերություններ, մեծ, թե փոքր, որոնք էական ազդեցություն ունեն տեղի ունեցողի կառուցվածքի, քաղաքական բովանդակության, նշանակության, հոգեբանության և այլ հատկանիշների վրա: Այո, հիմքը թվում է նույնը հետխորհրդային երկրների թերևս ճնշող մեծամասնության պարագայում՝ հանրային տևական դժգոհություն հարստահարող, կոռուպմացված ամբողջատիրական վարչակարգերի և համակարգերի գործունեությունից: Սակայն, անգամ այդ պայմաններում տարբեր են հանրությունները իրենց էթնոմշակութային արմատներով, նույն առումով տարբեր են անձինք, որոնք կազմում են այդ համակարգերը վերից վար: Այդպիսով, համեմատությունները որևէ դեպքում պայմանական են, այդ թվում Հայաստանի և Ղազախստանի իրադարձությունների համեմատությունը»,- գրել է հոդվածագիրը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ 2018-ին Սերժ Սարգսյանը չդիմեց ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանը չմիջամտեց՝ կայքը նկատում է. «Թերևս բոլլոր մեծ ու փոքր գործոններից զատ արժե հիշատակել առանցքայինը՝ արցախյան հարց: Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, իր խորքային հիմքում ուներ թերևս ոչ միայն Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի» հավակնությունից գեներացված հանրային դժգոհությունը, այլ նաև արցախյան հարցի աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ հատկապես եվրասիական տիրույթի շրջանակում: Այդ համատեքստում, Հայաստանում տեղի ունեցողին Ռուսաստանի միջամտության բացակայությունը թերևս պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Նախ, Մոսկվան թերևս վստահ էր բոլոր դեպքերում Հայաստանի հանդեպ ազդեցության լծակների առումով, ինչու թերևս դարձյալ հիմնարար դեր ուներ արցախյան հարցի և դրանից բխող անվտանգային բաղադրիչների պարագան: Այդ իրավիճակում, Հայաստանում տեղի ունեցող գործընթացը Ռուսաստանը դիտում էր թերևս երկիմաստ տրամաբանությամբ»։

 

Արձանագրվում է, որ, եթե Հայաստանին հաջողվեր ժողովրդական թավշյա հեղափոխության միջոցով հասնել քաղաքական կշռի և ներուժի այնպիսի փոփոխության, որ թույլ կտար չեզոքացնել Արցախի հարցի շուրջ կուտակված ռիսկերն ու պատերազմի լիցքերը՝ մասնավորապես Թուրքիայի հավակնոտությունը, ապա դրանից կշահեր ոչ միայն Հայաստանը, այլ հենց Ռուսաստանը, որը կկարողանար զսպել Թուրքիայի հավակնությունները Կովկասի և արցախյան հարցի ուղղությամբ, ստիպված չլինելով իրավիճակը կառավարելու համար գնալ Անկարայի հետ համաձայնությունների, պահելով իր գերիշխող դիրքը արցախյան հակամարտության նկատմամբ:

«Եթե Հայաստանի մոտ չստացվեր, ապա այդ դեպքում Ռուսաստանը հայկական անվտանգային շահերի հանդեպ իր դաշնակցային մեղմ ասած անբարեխղճության պատասխանատվությունը կբարդեր Հայաստանի վրա, Նիկոլ Փաշինյանի և նրա «հակառուսականության» վրա: Մեծ հաշվով այն, ինչ տեղի ունեցավ հետագայում: Այդ առումով, առանցքայինը թերևս այն չէր՝ դիմո՞ւմ է Սերժ Սարգսյանը, թե ոչ: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը չէր դիմի կամովին, որքան էլ բացասական լինի նրա կառավարման և նրա գլխավորած համակարգի հանդեպ հանրային վերաբերմունքը: Ամբողջ հարցն այն է, որ այդ դիմումների վերաբերյալ որոշումները դե ֆակտո կայացվում են թերևս Մոսկվայում, հետո անցնում տեղերում իրագործման փուլի»,- եզրակացնում է լրատվամիջոցը։