Ի՞նչ հայտնի անուններ են շոշափվում Աղվան Հովսեփյանի քրեական գործով

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով նախաքննության ավարտի մասին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցը նշում է, որ այդ տեղեկությունը իրենց հետ զրույցում հաստատել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որի հավաստմամբ՝ քրեական գործը շինծու է։ Ի դեպ, «Armlur.am»-ին հաջողվել է պարզել, որ քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, որոնց անունները կայքը խոստանում է հրապարակել առաջիկայում:

Հիշեցվում է, որ ըստ իրավապահների՝ պաշտոնավարման տարիներին Հովսեփյանը օրինականացրել է ավելի քան 1,3 միլիարդ դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 190 միլիոն դրամի կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։ Խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։