«Երեք կարևոր բան ունեմ ասելու». Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետ Հայկ ՄԱրությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին իրերին իր անվան հետ կապված խոսակցություններին և հրապարակումներին։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.

  1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
  2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
  3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,- գրել է նա։

Ավելի վաղ «armtimes.com» կայքը գրել էր, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Լրատվամիջոցը նշում է, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման սկզբից բազմիցս ցանկացել է հրաժարական տալ, բայց ամեն անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մտափոխվել է։ Ըստ կայքի աղբյուրի՝ ամեն ինչ փոխվել է, երբ պատերազմի օրերին Մարությանը հայտնի գեներալ՝ իր քավոր Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ մեկնել է Արցախ: Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինիս միջոցով էլ քաղաքապետը սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ ու նրա միջնորդությամբ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ առումով ուշագրավ է համարվում այն հանգամանքը, որ 2020 թվականի աշնանը Երևանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները:

«Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»,- եզրափակել է լրատվամիջոցը։

Այսօր ՔՊ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ընդգծելով, որ Հայկ Մարությանին շնորհակալություն են հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում։