Թուրքիան կհայտարարի դեպի Երևան չվերթներ իրականացնող ընկերության անունը

Առաջիկա օրերին Թուրքիան կարող է հայտարարել Ստամբուլ-Երևան չվերթներն իրականացնող ավիաընկերության անունը։ Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ այս պահին ուսումնասիրվում են տվյալ երթուղին սպասարկելու հավակնող թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը։ «Հայտերը քննարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։ Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում այդ հարցին։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ ընկերությունները կկարողանան սպասարկել տվյալ երթուղին»,- հայտարարել է Չավուշօղլուն ԱՄԷ-ում։

Ավելի վաղ նա նշել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կողմերը շուտով փոխադարձության սկզբունքով հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Երևանի հետ կգործի նաև չարտերային ավիահաղորդակցություն։ Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դրական է գնահատել հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը և հաստատել, որ հայկական կողմը նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ միջպետական սահմանը Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։