Ո՞վ է լինելու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին է լինելու իր երկրի ներկայացուցիչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանձնաժողովում։ «Ermenihaber»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հստակեցրել է, որ իրենք նախատեսում են հատուկ ներկայացուցիչ նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։

Սերդար Քըլըչը ծնվել է 1958թ. մարտի 28-ին՝ Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում։ 1980-ին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:

1984-ից աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 2006-08թթ. այդ գերատեսչությունում զբաղեցրել է ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնը, իսկ 2008-10-ին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-14-ին՝ Ճապոնիայում, իսկ 2014-21-ին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը: Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը, 1961-1980թթ. եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»։ Նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր մեջլիսում։

Հատկանշական է նաև, որ Սերդար Քըլըչը միշտ դեսպան է նշանակվել հայկական ուժեղ և ակտիվ համայնք ունեցող երկրներում։