Վարչապետն անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման շուրջ պայմանավորվածությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք միտված են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ապահովմանը։ Դրա վերաբերյալ իրենց համաձայնությունը երկրների ղեկավարները հաստատել են նոյեմբերի 26-ին (Սոչիում) և օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

«Ընդգծում եմ, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այդ երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ երկխոսության ծավալման, սահմանի և կոմունիկացիաների բացման դեպքում նախագիծը կարող է շատ ավելի ընդգրկուն դառնալ՝ ներառելով Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղին։

«Իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Իհարկե, այդ աշխատանքի մի մասը արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություններ կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները, ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը: Մեր մտադրությունն ու ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին: Չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, ես հույս ունեմ ճշգրիտ ձևով կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը։ Մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը: