Հայտնի է, թե ով կլինի Երևանի նոր քաղաքապետը

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Ավագանու՝ իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն արդեն հայտարարել է, որ գործընթացին անհրաժեշտ ձայների մի մասը, նախնական տվյալներով, արդեն կա՝ հավելելով, որ «Իմ քայլն» իր հիմնավորումները կներկայացնի ավելի ուշ։

«Irakanum.am»-ի տեղեկություններով, սակայն, Հայկ Մարությանը վճռական է տրամադրված և հայտնել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա։ Միաժամանակ, իշխանությունը նույնպես վճռական է տրամադրված ավագանու իր թիմակիցներով հասնելու քաղաքապետին անվստահություն հայտնելուն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սկզբնական փուլում կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ ՔՊ-ում հակված են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին, որին կառաջադրի և կընտրի ավագանին։

Միաժամանակ, լրատվամիջոցի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, այնուամենայնիվ,  կնշանակվեն հաջորդ տարի։ Այս պահին իշխանությունը դիտարկում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ինչպես հայտնի է, Ավինյանը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում չընդգրկվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և կառավարության կազմում։ Իշխանության ներսում այլ մարդիկ ևս հավակնում են քաղաքապետի պաշտոնին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջնական որոշում չկա, կայքն առայժմ զերծ է մնում այդ անունները հրապարակելուց։