Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին լուրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր վերադասի հանդիպման մասին հրապարակումներին։

«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»,- նշել է Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ «armtimes.com» կայքը գրել էր, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Լրատվամիջոցը նշում է, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման սկզբից բազմիցս ցանկացել է հրաժարական տալ, բայց ամեն անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մտափոխվել է։ Ըստ կայքի աղբյուրի՝ ամեն ինչ փոխվել է, երբ պատերազմի օրերին Մարությանը հայտնի գեներալ՝ իր քավոր Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ մեկնել է Արցախ: Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինիս միջոցով էլ քաղաքապետը սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ ու նրա միջնորդությամբ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ առումով ուշագրավ է համարվում այն հանգամանքը, որ 2020 թվականի աշնանը Երևանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները:

«Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»,- եզրափակել է լրատվամիջոցը։