Ձերբակալել են Սեմյոն Պեգովին

Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել և խուզարկել են ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովին։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը:

«Ռուսաստանի քաղաքացիներին անհիմն կերպով և լկտիաբար Մոլդովա չթողնելու հետ կապված հայտնի իրավիճակից բացի տեղի է ունեցել ևս մեկ հետաքրքիր դրվագ։ Քիշնևից Մոսկվա վերադառնալիս Տեղեկատվության և անվտանգության ծառայության կողմից ավելի քան մեկ ժամ պահվել է ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովը»,- գրել է պատգամավորը «Տելեգրամի» իր ալիքում։

Նա նշել է, որ Պեգովը տեսանյութեր էր նկարահանում Մերձդնեստրի պատմության և ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև այդ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ու նրա խաղաղապահների դերի մասին:

«Խուզարկությունից և հեռախոսների, նոութբուքի և այլ տեխնիկայի մանրակրկիտ ուսումնասիրությունից բացի ՏԱԾ աշխատակիցները բացահայտ սպառնացել են Ռուսաստանի քաղաքացուն, որ նրան կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին: Տեղի ունեցողին անչափ արժանապատվորեն արձագանքող Սեմյոնին, իհարկե, բաց են թողել։ Սակայն, այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային՝ ոչ բարեկամական բոլոր գործողությունները տարակուսանք են առաջացնում»,- ընդգծել է Տուրովը:

Պեգովը ռուսաստանցի ռազմական լրագրող է՝ «WarGonzo» նախագծի ստեղծողը։ Եղել է Սուխումի «Աբազա ՏՎ» հեռուստաընկերության թղթակիցը՝ լուսաբանելով նաև վրաց-աբխազական հակամարտությունը։ Աշխատել է նաև «LIFE.ru» կայքում։ Իրադարձությունների կիզակետից լուսաբանել է հակամարտությունները Ուկրաինայի արևելքում, իսկ 2020-ի աշնանը՝ նաև Արցախում։