Ի՞նչ հանգամանքներում են Բրյուսելում մենակ մնացել Փաշինյանն ու Ալիևը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում մի պահ առանձնազրույցի հնարավորություն է ընձեռել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Տեղեկատվությունը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հաստատել է հենց ԵԽ նախագահը։ Նա դրական է պատասխանել այդ թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին։ «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ օգնությունն ու աջակցությունը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ զրուցեն»,- հայտարարել է բանախոսը:

Մեծապես կարևորելով երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապի հաստատումը՝ Շառլ Միշելը նաև համոզմունք է հայտնել, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, նույնպես կարևոր են: «Համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,- ընդգծել է Միշելը: