Ստամբուլում սոցիալական խռովություն է հասունանում. կրքերը գնալով թեժանում են

Ստամբուլում հսկայական հերթեր են գոյացել խանութների մոտ. մարդիկ փորձում են էժան հաց գնել։

Հատուկ կրպակներում հաց կարելի է ձեռք բերել 1,25 լիրա արժեքով։ Մինչդեռ, խանութներում դրա գինը հասել է 3,5 լիրայի։ Պետությունը ստիպված է սուբսիդավորել հացի գները, որպեսզի կարողանա վերահսկել իրավիճակը։ Քաղաքում պայթունավտանգ իրավիճակ է՝ սոցիալական խռովություն է հասունանում։

Միաժամանակ, Ստամբուլի քաղաքապետը քննադատել է մամուլում տեղի ունեցողի վերաբերյալ հրապարակումները՝ համարելով, որ դրանք ավելի են թեժացնում կրքերը։ Այնուհանդերձ, քաղաքապետն ընդունել է, որ թուրքական տարադրամի կտրուկ արժեզրկման պատճառով բնակիչները շեշտակիորեն աղքատացել են։ Թուրքիայի իշխանությունները խոստացել են ձեռնարկել բոլոր միջոցները մարդկանց էժան հացով ապահովելու համար։ Նրանք արդարանում են, թե թանկացումները պայմանավորված են ալյուրի գնի աճով, որի 1 պարկի արժեքը, պաշտոնյաների հավաստմամբ, մեկ տարվա ընթացքում 127-ից հասել է 325 լիրայի։

Նոյեմբերի 23-ին լիրայի արժեքը կտրուկ փլուզվեց՝ հասնելով պատմական մինիմումի։ Լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։ Ստեղծված կացության համար ընդիմադիր կուսակցությունների առաջնորդները մեղադրում են նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ նա կոմպետենտ առաջնորդ չէ։