Հայաստանում փետրվարի 1-ից չպատվաստվածների բուժումը կարող է վճարովի դառնալ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հնարավորությունը։

«Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ հնարավոր է չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,- ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա նշել է, որ բուժման վճարովի կարգին անցումը կարող է տեղի ունենալ փետրվարի 1-ից, սակայն դա նախնական ժամկետ է, որը կարող է փոխվել: Նախարարության քննարկման առանցքում մշտապես գտնվող այդ խնդրի վերաբերյալ վերջնական որոշումը բխելու է իրավիճակից։ «Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Առիթը բաց չեմ թողնի և մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կհորդորեմ պատվաստվել: Մեր պետությունը, պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից  է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,- նշել է Հ. Խաչատրյանը:

Նա հայտնել է նաև, որ «Pfizer» պատվաստանյութի ներկրման վերաբերյալ բանակցությունները տակավին շարունակվում են, ուստի առայժմ դժվար է ժամկետներ առանձնացնել։ Հ. Խաչատրյանը հիշեցրել է, որ Հայաստանում առկա է «Pfizer»-ի խմբի պատվաստանյութ՝ «Մոդերնան»։

Հայաստանում հասանելի են նաև «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում և շարժական կենտրոններում։ Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: