Կնքահայրն անառակաբարո բնույթի բռնի գործողություններ է կատարել 9-ամյա սանիկի նկատմամբ

59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները պարզվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով իր նկատմամբ վերջինիս ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է բռնի բնույթի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ սենյակ մտնելու պատճառով»։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է. քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: