Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Yerevan City Council holds a session

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին գրում է «armtimes.com» կայքը։

Լրատվամիջոցը նշում է, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման սկզբից բազմիցս ցանկացել է հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից։ Ըստ կայքի աղբյուրի՝ տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվել է, երբ պատերազմի օրերին նա հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ (նրանք քավոր-սանիկ են) մեկնել է Արցախ: Կայքը նշում է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատերազմից հետո Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել և խզել հարաբերությունները իշխող ուժի անդամների հետ:

Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավոր Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: Ըստ տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Մարությանը Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում:

Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները:

Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը: Մասնավորապես, վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջադրում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների ժամանակներից մնացած գործող քաղաքապետներին, որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում իրենց համար հարմար թեկնածու են համարում նաև Հայկ Մարությանին։

Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձևավորվում նրան քաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև:

Ապագայում պարզ կդառնա, թե նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ։