Տհաճ է այդ մասին խոսելը, սակայն, ցավոք, այդպես էլ է պատահել. Պուտինը բացահայտումներ է արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է խառնակ 90-ականներին հաղթահարել կյանքի դժվարությունները և ինչ ճանապարհով է ապահովել իր ընտանիքի ապրուստը։

«Ապրել եմ բոլորի պես. երբեմն հավելյալ գումար վաստակելու համար ստիպված եմ եղել աշխատել նաև, որպես մասնավոր փոխադրող: Անկեղծ ասած, տհաճ է այդ մասին խոսելը, սակայն, ցավոք, այդպես էլ է պատահել։ Կատակ չեմ անում՝ այլ ելք չունեի։ Երկու փոքր երեխա էի մեծացնում»,- նշել է աշխարհի ամենամեծ պետության ղեկավարը։

Նա տեղեկացրել է, որ առաքչի աշխատանքը կատարել է այն նույն «Վոլգա» ավտոմեքենայով, որը բերել է նախկին սոցիալիստական Գերմանիայից վերադառնալիս։ «Դե, իհարկե՝ այլ մեքենա չեմ ունեցել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պատասխանել է նա՝ «Ռուսաստան: Նորագույն պատմություն» ֆիլմի նկարահանման ժամանակ տված հարցազրույցի ընթացքում:

Պետանվտանգության կոմիտեի սպա Վլադիմիր Պուտինը 1985-90 թվականներին ծառայել է ԳԴՀ-ում՝ խորհրդային արտաքին հետախուզության ռեզիդենտուրայում։ Ծառայությունն ավարտել է 1991-ին՝ փոխգնդապետի կոչումով։ 1996-ին Լենինգրադից տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել ՌԴ նախագահի գործերի կառավարչի տեղակալ։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը և Անվտանգության խորհուրդը կարճ ժամանակ ղեկավարելուց հետո 1999-ին գլխավորել է երկրի կառավարությունը։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին՝ նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո նշանակվել է ՌԴ նախագահի պաշտոնակատար։ Առաջին անգամ երկրի նախագահ է ընտրվել 2000 թվականի մարտի 26-ին։ Վերընտրվել է 2004, 2012 և 2018 թվականներին։ ՌԴ սահմանադրությունում կատարված փոփոխություններից հետո իրավունք է ստացել առաջադրվել 2024-ի նախագահական ընտրություններում։