Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիներից 5-ը ձերբեկալվել են. հայտնի է պատճառը

Վերադարձած 5 գերիներն այս պահին ձերբակալված են։ Դատական նիստեր են ընթանում։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշեց Թադևոսյանը և հավելեց, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ էր բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։