Հապարակվել է ԱԺ-ում հшյհոյանքների ու քաշքշոցի տեսանյութի ամբողջական տարբերակը

Այսօր Ազգային ժողովում իսկական խառնաշփոթ էր։

Նախ, համացանցում տարածվել էր գաղտնի արված տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը ինչ-որ մեկի հետ զրույցի ընթացքում ասում է՝ «համարում եմ, որ գերիներն արդեն չկան, իմ համար չկան»: Ալեն Սիմոնյանն այդ զրույցի ընթացքում նաև նշել էր. «Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել են»:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում ինքը խոսում է գերիների մասին, մոնտաժված է:

«Նյութը մոնտաժված է: Խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են որպես աջակից և խնդրում են մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, իսկ ընթացում նկատեցի, որ մի աղջիկ հեռախոսը պահել էր: Ես խնդրեցի չնկարահանել, քանի որ մենք զրույցի էինք բռնվել, որը ես չէի ուզում հրապարակային ասել,  և դրա կարիքը չեմ տեսնում: Նա ասաց՝ «չէ, չէ, ինչ եք ասում»»,-մանրամասնեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ նման իրավիճակներն օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար, այն բոլոր մարդիկ, որոնք նման բան են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն:

Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, մեր հպարտությունն են, բայց կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ:

Այնուհետև, օրվա երկրորդ կեսին ծեծկռտուք սկսվեց ԱԺ-ում։ Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորը պնդում է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

«Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։

Ըստ պատգամավորի՝ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։

Ավելի վաղ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանել էր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ պարզելու միջադեպի մանրամասները։