Երբևէ մտածե՞լ եք, թե որ մթերքներն են առավելագույնս օգտակար ուղեղի համար։ Պատասխանը, կարծես, ակնառու է՝ օգտակար։ Իսկ որո՞նք են օգտակարները։ Այն մթերքները, որոնք պարունակելով հակաօքսիդանտներ, վիտամիններ և միկրոէլեմենտներ՝ պայքարում են հիվանդությունների դեմ և պաշտպանում ուղեղի բջիջները վնասվելուց, նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի, դեպրեսիայի վտանգը, պաշտպանում իմունիտետը և նպաստում մարսողությանը։ Կրկի՞ն պարզ չէ։ Անկեղծ ասած՝ մեզ էլ։ Հավանաբար, ավելի ճիշտ կլինի պարզապես ներկայացնել 15 ամենաօգտակար մթերքները, որոնք բոլորիս քաջ ծանոթ են, և հիմնականում մատչելի։ Դրանք կարևոր է ունենալ ճաշացանկում։
ԱՎՈԿԱԴՈ
Այդ պտուղը օգտակար մոնոհագեցած ճարպերի աղբյուր է, որը կարող է նվազեցնել հիշողության թուլացման արագությունը և բարելավել արյան մեջ շաքարի պարունակության ցուցանիշը։ Ավոկադոն պարունակում է վիտամին K և ֆոլաթթու, որը կանխարգելում է ուղեղում տրոմբի գոյացումը և նվազեցնում ինսուլտի ռիսկը, նպաստում է հիշողության բարելավմանը և կենտրոնացվածության աճին։ Ավոկադոն պարունակում է նաև B և C վիտամիններ, սպիտակուցներ։
ԲԱԶՈՒԿ
Բանջարեղենի այդ տեսակը նպաստում է բորբոքային պրոցեսների նվազեցմանը, պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են չարորակ նորագոյացություններից և արյան միջից հեռացնում են տոքսինները։ Բազուկի պարունակած բնական նիտրատները ուժեղացնում են արյան հոսքը դեպի ուղեղ և բարելավում դրա աշխատանքը։
ՀԱՊԱԼԱՍ ԵՎ ԱՅԼ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ
Հապալասը, ելակը, մոշը և ազնվամորին միշտ պետք է լինեն սեղանին։ Դրանցից առաջինն իսկական չեմպիոն է հակաօքսիդանտների պարունակությամբ։ Պարունակում է նաև C և K վիտամիններ ու բջջանյութ։ Հապալասում գալիկաթթվի բարձր պարունակությունը ուղեղը պաշտպանում է դեգեներացիայից, ճանաչողական գործառույթների անկումից և սթրեսից։
ՈՍԿՐԱՅԻՆ ԱՐԳԱՆԱԿ
Ոսկորներից, ասենք տավարի, պատրաստած արգանակը կօգնի ամրացնել իմունիտետը, լավացնել հոդերի վիճակը և թեթևացնել սննդային ալերգիան։ Կոլագենի բարձր պարունակությունը նպաստում է աղիների բորբոքման դեմ պայքարին, իսկ ամինաթթուները (պրոլին, գլիցին) լավացնում են իմունային համակարգը և հիշողությունը։
ԽԱՉԱԾԱՂԻԿ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (ՀԱՏԿԱՊԵՍ ԲՐՈԿՈԼԻ)
Բրոկոլին, ինչպեսև ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը ու սպիտակ կաղամբը՝ վիտամին K-ի և քոլինի պարունակության շնորհիվ շատ օգտակար են ուղեղի համար, քանզի նպաստում են հիշողության պահպանմանը։ Իսկ վիտամին C-ն և ֆիտոնուտրիենտները ուղեղի բջիջները պաշտպանում են օքսիդատիվ սթրեսից։
ՆԵԽՈՒՐ
Այս բույսը հայտնի է հակաօքսիդանտների մեծ պարունակությամբ, որոնք բնական հակաբորբոքային նյութեր են։ Առհասարակ, նեխուրը պարունակում է վիտամինների, միկրոէլեմենտների և սննդանյութերի միացությունների մեծ ցանկ։
ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂ
Այն ճնշում է բորբոքման համար պատասխանատու բջիջները։ Կոկոսի յուղը դանդաղեցնում է հիշողության կորստի գործընթացը, պայքարում աղիների ախտածին միկրոֆլորայի դեմ, նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության վտանգը։
ՍԵՎ ՇՈԿՈԼԱԴ
Շոկոլադը պարունակում է հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութեր։ Կակաոն բարելավում է դեպի ուղեղ արյան հոսքը և ուղեղի հագեցումը թթվածնով, նվազեցնում է զարկերակային ճնշումը և օքսիդատիվ սթրեսը ուղեղում ու սրտում: Շատ կարևոր է իմանալ՝ որքան մուգ է շոկոլադը, այնքան այն առողջարար է։
ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑ
Դեղնուցի պարունակած քոլին նյութը նպաստում է հղիության ընթացքում պտղի ուղեղի զարգացմանը: Այն քայքայում է բեթանը՝ նյութ, որն արտադրում է առույգություն ապահովող հորմոններ։
ԱՌԱՋԻՆ ՍԱՌԸ ՄԶՎԱԾՔԻ ՁԻԹԱՅՈՒՂ
Այդ տեսակի ձիթայուղը ուղեղի համար օգտակար է հակաօքսիդանտների և մոնոհագեցած ճարպերի շնորհիվ: Դա միջերկրածովյան և MIND դիետաների առանցքային մթերքներից է, որն հիշողության բարելավման առումով միանշանակ օգտակար է տարեց մարդկանց։ Ձիթապտղի յուղը նպաստում է լավ ուսումնառությանը, հիշողության բարելավմանը, կասեցնում տարիքային փոփոխությունները, պայքարում է ուղեղի համար թունավոր սպիտակուցների դեմ, որոնք հրահրում են Ալցհեյմերի հիվանդությունը։
ԿԱՆԱՉ ՏԵՐԵՎՆԵՐՈՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Կանաչ տերևներով բանջարեղենի կանոնավոր օգտագործումը սննդակարգում նպաստում է դեմենցիայի կանխարգելմանը: Այդ տեսակի բանջարեղենը պարունակում է A և K վիտամիններ, որոնք պայքարում են բորբոքումների դեմ և ամրացնում ոսկորները:
ՌՈԶՄԱՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ
Ռոզմարինում առկա կարնոզաթթուն ուղեղը պաշտպանում է դեգեներատիվ պրոցեսներից, որոնք կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության և ինսուլտի։ Ռոզմարինն ունի հակաբորբոքային հատկություններ և հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ օգտակար է տեսողության համար։ Հակաօքսիդանտներով նմանապես հագեցած են ռեհանը, անանուխը, եղեսպակը, մաղադանոսը և այլն։
ՍԱՂՄՈՆ ԵՎ ՅՈՒՂՈՏ ՁԿԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ
Սաղմոնը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին և կանխարգելում են Ալցհեյմերի հիվանդությունը և թուլամտությունը։ Ճարպոտ ձուկը (սարդինա, իշխան) օգտակար է նաև երեխաների համար՝ լավացնում է ուշադրությունը։
ՔՐՔՈՒՄ
Քրքումի մեջ առկա կուրկումին նյութը համարվում է հզոր հակաբորբոքային միջոց։ Քրքումը բարձրացնում է օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը, ուժեղացնում է իմունային պատասխանը, բարելավում ուղեղի ապահովումը թթվածնով։
ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԸՆԿՈՒՅԶՆԵՐ
Հունական ընկույզը բարելավում է հիշողությունը։ Պարունակում է հակաօքսիդանտներ, վիտամիններ, միկրոէլեմենտներ և խթանում մտավոր գործունեությունը։ Դրանում առկա վիտամին E-ն պաշտպանում է ուղեղի բջիջները և կանխում Ալցհեյմերի հիվանդությունը: