Կողոպուտ հայկական ձևով. Երևանում բեմադրելով ավտովթար՝ հափշտակել են խոշոր գումար

Դեկտեմբերի 3-ին Երևանի 37-ամյա բնակիչ Էդգար Ն.-ի դիումի փաստով ուշագրավ քրեական գործ է հարուցվել մայրաքաղաքի ոստիկանության Կենտրոնական բաժնում։

«SHAMSHYAN.com»-ի հաղորդմամբ՝ դիմում ներկայացրած քաղաքացին նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «Nissan»-ի վարորդը հրահրած անհիմն վիճաբանության ընթացքում բռունցքով հարվածելով նրա գլխին՝ պատճառվել է ֆիզիկական ցավ:

Նշվում է, որ այդ ընթացքում «Nissan»-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից   հափշտակել է պայուսակ, ապա նույն մեքենայի վարորդի հետ դիմել փախուստի: Ընդ որում՝ Էդգար Ն.-ն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ «Nissan»-ը, կողոպուտ կատարած երթադրյալ  կասկածյալներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: