Բաքվից քիչ առաջ վերադարձած հայ գերիների նոր լուսանկարները

Sputnik Արմենիան լուսանկարներ է ներկայացնում «Էրեբունի» օդանավակայանից, որտեղ վայրէջք կատարեց հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։

Հայ ռազմագերիները օդանավակայանից տեղափոխվեցին բժշկական կենտրոն

Հայ գերիների 10 հոգանոց խմբին այսօր Ադրբեջանից հայրենիք տեղափոխեց ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։