ԱԱԾ-ն պարզաբանել է ՀՀ քաղաքացիների հեռախոսների գաղտնալսման մասին տեղեկությունները

Ազգային անվտանգության ծառայությունը հաքերային հարձակման ենթարկվելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չի ստացել «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից։ Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ այդ մասին տեղեկացրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

 

ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում, մասնավորապես նշվում է, որ կառույցում առկա չեն տվյալներ «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ։ Նշվում է նաև, որ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ։

Անվտանգության կառույցը հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ:

Նոյեմբերի 24-ին  քաղաքական մի շարք գործիչներ հայտարարել էին, որ «Apple»-ից նամակ են ստացել են այն մասին, որ իրենց հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգել էին, որ հարձակումը կարող է  կատարված լինի իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով։ Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման վերաբերյալ նամակներ ստանալու մասին հայտնել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և այլք։