Նրանք այսօր ձերբակալվել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար

Ձերբակալությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

«Նրանցից մեկը ձերբակալվել է ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, իսկ երկուսը՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Մանրամասնվում է, որ 2021թ. նոյեմբերի 30-ին, ժամը 03։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խոչընդոտել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք տեղափոխելուն։ Թթուջուրցիները հայհոյելով և քաշքշելով ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրելով մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ՝ խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների և անտառտնտեսության աշխատակիցների աշխատանքին: Նախաքննությունը շարունակվում է: