«Գիշերն ինձ պատմելիս արցունքները հոսում էին Արմանի աչքերից, իսկ ձայնը ցավից դողում էր». Անահիտ Սիմոնյանը պատմել է, թե ինչ է իրեն խոստովանել որդին Հայկոյի մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը սոցիալական իր ցանցերում գրառում է կատարել՝ պատմելով իր որդու խոսակցության մասին։

«Երեկոյան, երբ Արմանին պառկացնում էի քնելու, սկսեցինք զրուցել, ու նա պատմեց, թե իր ընկերներից մեկի ծնողներն ինչպես են ամուսնալուծվել, ինչի մասին ընկերը վշտացած պատմել է իրեն։

Ի պատասխան` Արմանը նրան ասել է. «Մի նեղվիր, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել։ Քո հայրն ընդամենը տեղափոխվել է, բայց կարևորը` ՈՂՋ է, ու դու ունես նրա հետ շփվելու, նրան գրկելու ու համբուրելու հնարավորություն։ Մնացած ամեն բան ժամանակի հետ հունի մեջ կընկնի»…

Այդ մասին գիշերն ինձ պատմելիս արցունքները հոսում էին Արմանի աչքերից, իսկ ձայնը ցավից դողում էր… Աստված իմ… Աշխարհում ոչ մի մոր չեմ ցանկանա զգալ այն,ինչ ես զգացի երեկ երեկոյան, երբ ցավում է քո երեխայի հոգին, իսկ դու չես կարող այն բուժել։

Այսօր,երբ ես նայում էի իմ 10-ամյա որդուն, հասկացա, որ ժամանակից շուտ մեծացել է, 2 ամսվա մեջ իմաստուն է դարձել… Նրա ներսում մեծ ցավ կա, բայց նա իմ ներկայությամբ իրեն զսպում է, որպեսզի ես էլ չարտասվեմ(((

Իմ որդին շատ ուժեղ տղամարդ կմեծանա, դա հաստատ գիտեմ…

Իսկ հիմա վերցրեք հեռախոսներն ու զանգահարեք ձեր ծնողներին կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են։ Չէ որ ոչ-ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասվում վաղը»,- գրել է նա։