Հայաստանում COVID-19-ի դեմ թեստավորման 7-օրյա պարտադիր ժամկետ է սահմանվել

ՀՀ առողջապահության նախարարությունը ելնելով երկրում համաճարակային իրավիճակից և պարբերաբար կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակների ի հայտ գալու հանգամանքից՝ COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ է կատարել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճարակային կանոններում:

Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային փորձը՝ սահմանվել է, որ դեկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Այդ պահանջը չի առնչվում ամբողջովին պատվաստված, մեկ դեղաչափ ստացած, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող, հղի, մինչև 18 տարեկան, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: