Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Սերգեյ Լավրովը՝ «թուրքական աշխարհի քարտեզի» մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական աշխարհի քարտեզ նվիրելու հանգամանքին։ Դրանում, հիշեցնենք, ներառված են Ռուսաստանի հարավային հատվածները, Արևմտյան Սիբիրը և այլ երկրների տարածքներ։

Իր երկրի Դաշնության խորհրդի նիստում Լավրովը հայտարարել է, որ նույն սկզբունքով Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով, որոնք կծածկեն մոլորակի գրեթե բոլոր տարածաշրջանները:

«Որևէ ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ: Մենք նույնպես ունենք մեր հայրենակիցներով բնակեցված տարածքներ, նույնպես կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով և դրանց տալ տարբեր տոնայնություն: Դա, առաջին հերթին, ողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր հայրենակիցների հսկայական քանակն է Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում»,- հայտարարել է դիվանագետը։

Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ Էրդողանին նվիրած քարտեզի վրա բացակայում է թուրքական աշխարհի կենտրոնը խորհրդանշող մեծ կարմիր աստղը, որը, նրա խոսքերով, պետք է նշվեր այդ «աշխարհի» պատմական կենտրոն հանդիսացող ՌԴ Ալթայի երկրամասում: