Սոչիի հայտարարության ձևակերպմամբ՝ սահմանը կարող է ճշգրտվել նաև Արցախի և Ադրբեջանի միջև

Առաջիկայում տեղի են ունենալու 2 բավական կարևոր գագաթաժողովներ, որոնք կարող են Հայաստանի համար էական օրակարգեր պարունակել: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-3-ին, Շվեդիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստ, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում:

«Հանդիպումների շղթայում առաջինը Սոչիի հանդիպումն էր: Հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին հայտարարություն և Ռուսաստանի կողմից առաջարկվել էին տարբերակներ… Սակայն դա տեղի չունեցավ, ստորագրվեց այլ հայտարարություն»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր դերի ընդգծման և ցուցադրման անհրաժեշտությունն ունի:

Սաֆարյանը նկատեց, որ Սոչիի հանդիպման ժամանակ բոլոր հարցերի մասով հղում արվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը բացառում է Թուրքիայի մասնակցությունը թե՛ ապաշրջափակման գործընթացին, թե՛ սահմանագծման և սահմանազատման գործընթացին: Սոչիի հայտարարությունում, Սաֆարյանի դիտարկմամբ, կարևոր կետ է նոյեմբերի 9-ի հայտարարության անվերապահ կատարումը. «Հայկական կողմի համար դա ռազմագերիների վերադարձն է և «Զանգեզուրի միջանցքի» բացառումը»:

Սաֆարյանի խոսքով՝ Սոչիի հայտարարության ձևակերպմամբ՝ սահմանը կարող է ճշգրտվել նաև Արցախի և Ադրբեջանի միջև: Հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ամրագրումը, Սաֆարյանի կարծիքով, կարող է Արցախի սահմանին վերաբերվել, քանի որ հղումը կատարվում է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությանը: