Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովում խոսել է նաև Զանգեզուրի միջանցքի առանցքային նշանակության մասին։
«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու և տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Դրա հստակ դրսևորումն են Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովի վրայով ձևավորվող Արևելք-Արևմուտք միջանկյալ միջանցքի նախաձեռնությունը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Ակնհայտ է նաև Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը ուղիղ ճանապարհով կապ կհաստատի Թուրքիայի ու տարածաշրջանի միջև»,- հայտարարել է Էրդողանը։
Նա կազմակերպությանն անդամակցող երկրներին կոչ է արել «լիարժեք համերաշխություն դրսևորել Ադրբեջանի հետ»՝ Արցախի դեմ վերջինիս ագրեսիան որակելով «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»: