Երևանում կշահագործվեն եվրոպական դասի ավտոբուսներ. քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է դրանց ուշագրավ առանձնահատկությունները և օգտվելու կարգը

Երթուղային միկրոավտոբուսներն աստիճանաբար դուրս են մղվում Երևանի փողոցներից. մայրաքաղաքը կարգավիճակին հարիր տեսք է ստանում։ Առաջիկայում երևանցիները և քաղաքի հյուրերը հարմարավետ և քաղաքակիրթ պայմաններում երթևեկելու հնարավորություն կստանան։ Սպասված լուրը հայտնել է անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա տեղեկացրել է, որ 8,6 մետր երկարությամբ 211 քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են։ Դրանք երթուղի դուրս կգան մի քանի օրից։ Տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել մայրաքաղաքի բյուջեի գումարներով։ Իսկ քաղաքապետարանը, ինչպես նշել է Հայկ Մարությանը, շարունակելով տրանսպորտի արդիականացումը, արդեն նախապատրաստում է ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը։

Չինական արտադրության ավտոբուսները ցածրահատակ են, ինչը հեշտացնում է դրանցից օգտվելը։ Դրանք համապատասխանում են «Եվրո 5» չափանիշներին և աշխատում են բացառապես գազով։ Ինքնուրույն վճարման համակարգով և տեսախցիկներով համալրված ավտոբուսները նախատեսված են 22 նստած և 38 կանգնած ուղևորի համար։ Առկա է օդափոխման համակարգ և, անգամ, հեռախոսները լիցքավորելու հնարավորություն։ Բոլոր նրբություններին և հարմարություններին կարող եք ծանոթանալ ներկայացվող տեսանյութում։ Բարի երթ։