Բերման է ենթարկվել հայտնի պաշտոնյայի որդին

Այս տարվա սեպտեմբերից հետախուզվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն»,- տեղեկացրել է Գ. Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմամբ։

Դեռ այս տարվա օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել նշելով, որ Գյումրիի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Հաղորդագրության մեջ այնուհետև նշվում էր հետևյալը. «ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է բացել տան դուռը, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս.Ղուկասյանը հայտնաբերվել և ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»։

Քննչական կոմիտեն Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը, սակայն, օգոստոսի 21-ին մերժել էր այն: Սեպտեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Սպարտակ Ղուկասյանը թաքնվում է ոստիկանությունից: