Շատ լուրջ խնդիր են Ալիեւի համար Արցախի՝ Բաքվին անցած շրջանները. ռուս փորձագետ

Նոյեմբերի 9-ից մեկ տարի անց Ադրբեջանին չի հաջողվել հիմնովին ապահովել իր վերահսկողության տակ անցած տարածքների զարգացումը։ Նման անորոշ վիճակը կպահպանվի մի քանի տարի, իսկ փոփոխությունը կախված է տարածաշրջանից դուրս գտնվող հանգամանքներից։ NEWS.am-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

«Որոշ բաներ նրանք անում են, սակայն բնակչությունը չի վերադարձել այնտեղ՝ պայթուցիկ սարքերի առկայության խնդիրը պահպանվում է։ Դա ակնհայտորեն շատ լուրջ քաղաքական խնդիր է դառնում Ալիևի համար։ Ըստ երևույթին, ենթադրվում է, որ հայերն ինչ-որ քարտեզներ ունեն, որոնք չեն ցանկանում տրամադրել։ Բայց վստահ չեմ, թե նման մանրակրկիտ քարտեզներ կան։ Այդ տարածքներում կարող են այսպես կոչված վայրի ականապատ դաշտեր մնացած լինել, որոնք երկար տարիներ ոչ ոք չի սպասարկել։ Ըստ ամենայնի՝ Բաքվին չի հաջողվում ամբողջությամբ ականազերծել այդ տարածքները և դա արդեն քաղաքական առումով կարևոր պահ է։ Ադրբեջանը չի կարող լրջորեն զբաղվել Արցախի խնդրով քանի դեռ չի լուծել այդ հարցը։

Նախ պետք է ինտեգրել մնացած շրջանները, ինչը Բաքվին այնքան էլ լավ չի հաջողվում։ Բաքուն հրաժարվում է ճանաչել Արցախը՝ համարելով, որ այնտեղ ապրող հայկական բնակչությունը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունի կամ էլ լքի այդ տարածքները։ Անգամ ներկայիս իրավիճակում Արցախը հերքում է դա։ Իսկ քանի դեռ այդպես է, ապա անորոշ իրավիճակը կպահպանվի ևս մի քանի տարի։ Դրա փոփոխությունը կախված կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող հանգամանքներից»,- նշել է Ֆելգենգաուերը։