Երկու կարևոր հարց, որոնք ուղղված էին Նիկոլ Փաշինյանին

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը երկու կարևոր և ծավալուն հարց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսին, սակայն դրանք այդպես էլ չեն հնչել և մնացել են անպատասխան։

Լրատվամիջոցը բարձրացրել է հետևյալ հարցերը.

1. Պարոն վարչապետ, Դուք տեղյա՞կ եք, որ 1920-ականներին Հայաստանի Զանգեզուր գավառի և Ադրբեջանի Կարմիր Քուրդիստան հորջորջվող վարչական միավորման միջև հստակ սահմանորոշում է կատարվել, ընդ որում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով: Ի դեպ, հայկական կողմը որոշ ժամանակ ներկայացնում էր Ակսել Բակունցը՝ մեծ հայը, ում զեկուցագրերը հրապարակված են:

Եթե տեղյակ չեք կամ Ձեզ չեն զեկուցել այդ հանձնաժողովի գործունեության և ընդունած որոշումների մասին, ապա կցանկանայինք անպատճառ ծանոթանալ, որովհետև դրանք իրավունք վերապահող փաստաթղթեր են:

Իսկ եթե տեղյակ եք, ապա կուզենայինք իմանալ, թե ինչի՞ հիման վրա եք նույն հանձնաժողովի և անձամբ Ակսել Բակունցի կողմից գործածվող Էյվազլար տեղանունը գործածում Էյվազլի ձևով:

Կամ՝ ինչո՞ւ եք Որոտան գյուղը Շահվերդիլար կոչում, այն դեպքում, երբ վերոնշյալ հանձնաժողովի որոշմամբ գյուղը ճանաչվել է Հայաստանի տարածք, իսկ 1960-ականներին (Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից) վերանվանվել է Որոտան (հիշեցնենք՝ դա Սյունյաց աշխարհի Շաթիթաղ հնամենի գյուղն է):

Կամ՝ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա եք Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածը համարում վիճելի, երբ այդ հանձնաժողովը (բացի Էյվազլարի հատվածից) ճանապարհն ընդունել է իբրև սահմանաբաժան երկու երկրի միջև՝ բուն ճանապարհը թողնելով Հայաստանին:

Կամ՝ ո՞ր փաստաթղթերի հիման վրա է Շուռնուխը կիսվում, եթե ամբողջ գյուղը (ըստ նույն հանձնաժողովի որոշման), նաև գյուղի արևելյան հատվածը, փաստագրվել են իբրև Հայաստանի տարածք:

Կամ՝ ո՞ր փաստաթղթի հիման վրա է Կապան-Ճակատեն ճանապարհը համարվում Ադրբեջանի տարածք:

Իսկ եթե չեղարկվել են եռակողմ այդ հանձնաժողովի որոշումները, ապա ե՞րբ, իրավասու ո՞ր ատյանի կողմից:

2. Սյունեցիներիս հետաքրքրող մի հարց ևս. ի՞նչ հանգամանքների արդյունքում ադրբեջանցի ասկյարները 2021թ. մայիսի 12-ին խուժեցին Սև լճի տարածք:

Ձեզ տեղեկացրե՞լ են, որ ադրբեջանական հենակետերից մեկն էլ հայտնվել է Սյունիքի վարչական տարածք համարվող Քաչալ դաղ (Գլուխ Ձագեձորո) լեռան գագաթին, որտեղից ամբողջապես վերահսկվում է Գորիսի տարածաշրջանը:

Այնուհետև՝ ի՞նչ հանգամանքների արդյունքում են նոյեմբերի 16-ին օկուպանտները հայտնվել Մեծ Իշխանասարի հարավ-արևմտյան ստորոտում (Հայաստանի պետական սահմանից այնտեղ հասնելու համար մի քանի տասնյակ կիլոմետր պիտի անցնեին, այն էլ՝ չափազանց դժվարին տեղանքներով):

Ընդունենք՝ չեք հասցրել պարզաբանել նոյեմբերի 16-ին Սյունիքի դեմ ձեռնարկված ագրեսիայի հանգամանքները՝ ժամանակի պատճառով (թեև մոտ մեկ շաբաթ է անցել): Բայց մայիսի 12-ի ագրեսիայի հանգամանքները պիտի որ հաջողած լինեիք պարզաբանել, քանզի վեց ամիս է անցել:

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի զինյալները, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներխուժել են ինքնիշխան Հայաստանի Սյունիքի մարզի տարածք և դիրքեր զբաղեցրել: