Հայաստանից ո՞ր հայտնի մարդկանց են փորձել լրտեսել Pegasus լրտեսող ծրագրի միջոցով

Հայաստանում ավելի քան երկու մարդ նախազգուշական նամակ է ստացել «Apple»-ից, այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր ընկերության կողմից ուղարկած հաղորդագրություններին, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում «Pegasus» լրտեսող ծրագրի առկայության մասին։

Նա հայտնել է, որ տարբեր ժամանակներում «Pegasus»-ն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի այլ կառավարությունների կողմից։

«Կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է»,- մանրամասնել է Ս. Մարտիրոսյանը։

«Սովորական մարդը նման նամակ չի ստանա, որովհետև նման հաղորդագրությունները շատ թանկ են և թիրախային, այսինքն՝ սպասել, որ ինչ-որ հասարակ քաղաքացի կարող է նախազգուշացնող նամակ ստանալ, ճիշտ չի լինի։ Նման նամակներ ստացողները շատ կարևոր մարդիկ են»,- եզրափակել է Ս. Մարտիրոսյանը։

Նշենք, որ համացանցում իրենց ուղարկված նամակների մասին նշել էին Արթուր Վանեցյանը և Դավիթ Սանասարյանը։

«Pegasus»-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են «Apple iOS» և «Android» օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական «NSO Group» ընկերության կողմից: Այն կարող է կոտրել հեռախոսը հեռավորության վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, առանց տիրոջ իմացության ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը։