Աստղային պատերազմներ. հայկական շոու բիզնեսի ներքին վեճերը

Էկրանից այն կողմ հայկական շոու բիզնեսում ամեն ինչ թվում է ջերմ ու խաղաղ, մեր աստղերը բոլոր միջոցառումներին իրար տեսնելիս ողջագուրվում են, զրուցում, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Երբեմն նախանձը, մրցակցությունը ու տարբեր միջադեպեր անհաշտությունների պատճառ են դառնում:

ArmStar.am-ը փորձեց վերհիշել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենաաղմկոտ ու սկանդալային կոնֆլիկտները:

Արմինկա vs Ջուս
Այս երգչուհիներն այնքան մտերիմ էին և լավ հարաբերություններ ունեին, որ որոշեցին անգամ հանդես գալ դուետով: Սակայն այժմ Արմինկան և Ջուսը «թշնամիներ» են, իսկ տարաձայնության պատճառը եղել է այն, որ կոլեգաներից մեկն Արմինկային պատմել է, թե Ջուսը Հայաստանից Արմինկայի բացակայության ժամանակ խոսել է հետևյալը. «Եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա»: Վրդովված Ջուսն այս ամենին ի պատասխան ասել է. «Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ իրեն, բայց չեմ ուզում նրա հետ շփվել: Արմինկան ինձ ասել է՝ ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»:

Սոֆի Մխեյան vs Քրիստինե Պեպելյան

Այս երկու մտերիմ ընկերուհիներն անբաժան էին, նրանց միշտ կարելի էր միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: Բայց մի օր մամուլում տարածված հաղորդագրությունը, թե Քրիստինե Պեպելյանը և Սոֆի Մխեյանն այլևս մտերիմ չեն, ցնցեց գրեթե բոլորին: Երբեմնի ընկերուհիների տարաձայնության պատճառը հետաքրքրում էր շատերին: Քաղաքում խոսում էին, թե Սոֆի Մխեյանը վատ լուրեր է տարածել Քրիստինեի հասցեին, ինչն էլ վերջ է տվել նրանց մտերիմ ընկերությանը: Այժմ նրանք ընդհանրապես չեն շփվում միմյանց հետ, թեև հաճախ են լինում նույն միջոցառումներին:

Դինա Ակոպովնա vs Սուրեն Թադևոսյան

Իսկ ինչ է լինում, երբ հեռուստաընկերությունում նոր պրոդյուսեր է հայտվում և որոշում բարեփոխումներ անել, այդ թվում՝ հեռացնել աշխատանքից հաղորդավարուհիներից մեկին: Նման դեպք տեղի ունեցավ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ: Այստեղ հարցեր լուծելու համար օգնության հասավ Ֆեյսբուքը: Երկու կողմերն էլ իրար հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին. «Դա ուղղակի նախանձ է, ինչը նորմալ երևույթ է, ուղղակի երբ կնոջը նախանձում է տղամարդը, ուրեմն նա էլ ի՞նչ տղամարդ»,- ասում էր Դինա Ակոպովնան, իսկ Սուրենն իր հերթին հաղորդավարուհուն անվանում էր անգրագետ: