Գորիսը սկսեց դիմադրությունը

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մեկնարկը եւ անելիքները։ Դրանք առնչվում են անվտանգության խնդիրներին բնակչության պատրաստումը, այդ թվում զինված ինքնապաշտպանության կազմակերպումը։

Հայաստանի դեմ 2020-ի աշնանը ծավալված արշավն ըստ էության մտնում է Հայաստանի համար գոյաբանական փուլ։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ իշխող ուժը, խորհրդարանը կազմող քաղաքական դաշինքներն ընդունակ չեղան երկիրը արագ հանել շոկից, հանդես գալ հայկական իրավունքներից ու պահանջներից բխող ներքին ու արտաքին նախաձեռնություններով։ Փոխարենը, սպասարկելով Հայաստանի դեմ արշավի շահառուների ծրագրերը, այս խմբերն իրենց մեդիա-ցանցային-փորձագիտական միջոցներով Հայաստանում ձեւավորեցին անհուսության, անորոշության ու աճող սպառնալիքների ծանր մթնոլորտ։

Այս ընթացքում մեկ դրական հանգամանք կար, որ հանրության մի զգալի մասն անհաղորդ էր ներքին այս գործընթացներին։ Բացի այդ, կան թեկուզ քիչ թվով քաղաքական խմբեր, որոնք չտրվեցին այս խաղերին։ Գորիսի մտավորականությունը նախաձեռնում է մի գործընթաց, որը ազգային ու համահայկական դիմադրության գործընթացի մեկնարկը կարող է եւ պետք է դառնա, ընդգրկելով Հայաստանի բոլոր շրջանները եւ աշխարհով մեկ գործող հայկական շրջանակները։ Հանրությունն այլեւս պետք է իր ձեռքը վերցնի Հայաստանի ճակատագիրը։

Ազգային ժողովրդավարական բեւեռը ՀՀ իշխանություններին պահանջ էր ներկայացրել՝ զինել ՀՀ Սյունիքի մարզի եւ վտանգված գոտու բնակչությանը։ Հայաստանի մասնատման ու պետականության վերացման Մոսկվա-Բաքու-Անկարա ծրագրերը հրատապ են դարձնում Հայաստանի ողջ բնակչության զինումն ու պատրաստումը։

Թշնամական եռյակի ծրագրած նոր արհավիրքներն այլ ելք չեն թողնում։ Այդ ծրագրերը պետք է տապալվեն, եւ ավելին՝ շրջվեն նրանց դեմ։