Ինչո՞ւ է COVID-19-ը եռապատկում քնի խանգարումների ռիսկը. մասնագետներն ահազանգում են

Հետկովիդային համախտանիշով հիվանդների 85 տոկոսի մոտ առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ պահպանվում է վեց ամիս։ Առաջին հերթին դա «մշուշն է գլխում» եւ խրոնիկական հոգնածությունը։ Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում, փորձագետները վերլուծել են COVID-19-ի ազդեցությունը քնի որակի եւ հիվանդների հոգեկանի վրա։

Ըստ Medportal.ru-ի՝ Մանչեսթերի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ 233 000 բրիտանացիների բժշկական գրառումները, ում մոտ անցյալ տարի COVID-19-ն էր հաստատվել։ Վերահսկիչ խումբը համեմատության համար ներառում էր մոտ 11.7 միլիոն մարդ, որոնց ՊՇՌ թեստը բացասական էր:

Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 տարած մարդիկ 3 անգամ ավելի շատ են տառապում քնի տարբեր խանգարումներից, քան նրանք, ովքեր խուսափել են վարակից: Բացի այդ, COVID-19-ով հիվանդների դեպքում վարակվելուց հետո 6 շաբաթվա ընթացքում քրոնիկական հոգնածության ախտանշաններն մոտ 5 անգամ ավելի հավանական են:

Ընդ որում, գիտնականները երկու խմբերում էլ հոգեկան խանգարումների ախտանիշների միջեւ տարբերություններ չեն նկատել. դեպրեսիայի եւ անհանգստության հետ բախվել են մարդիկ ինչպես COVID-19-ից հետո, այնպես էլ նրանք, ով չի վարակվել: Այս ցուցանիշներն ավելի բարձր էին մինչ համավարակը ժամանակների համեմատ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ հոգեկան խանգարումներն ավելի շատ առաջանում են մշտական ​​սթրեսից եւ անորոշությունից։