Կառավարության ղեկավարը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ կարևորում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների քաղաքական թիմի ներկայացուցիչ լինելու հանգամանքը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի կարծում, թե նախարարի, առավել ևս պաշտպանության նախարարի, նշանակումը ենթակա է հանրային քննարկման։ «Նախարարի պաշտոնը հայեցողական է, սրանով շատ բան ասվում է։ Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։ Հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն, տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն՝ նախարարը նշանակվում և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասել է նա։
Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնին Սուրեն Պապիկյանին նշանակելու շարժառիթին՝ վարչապետը հայտարարել է, որ փորձը ցույց է տվել և ցույց տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է։ Այդ առումով նա կարևոր է համարում, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են։