ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումն ուղիղ ագրեսիա է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ժամը 13:00-ի  շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս: Ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական: Սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք: «Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում  է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը: Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա միջազգային հանրությանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ հասցեական հայտարարություններ ընդունել: «Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Անվտանգության խորհրդի անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար կյանքը տված զինծառայողների հիշատակը: