Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմել է Ռուսաստանին

Հայաստանն առաջնորդվելով 1997 թվականին կնքած պայմանագրի դրույթներով՝ պատրաստվում է դիմել Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։

Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք կարևոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի  և Ռուսաստանի  միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է նա:

Ընթացակարգի վերաբերյալ հարցին Ա. Գրիգորյանը պատասխանել է. «Սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Նա հավելել է, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ պետական սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Արմեն Գրիգորյանը նշեց, որ մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցիները խախտում են այդ կարմիր գիծը: «Այս առումով մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- մանրամասնել է Գրիգորյանը:

Միաժամանակ, նա նշել է. «Եթե հնարավոր լինի այս իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, ապա բանակցային ճանապարհով պետք է լուծել, եթե հնարավոր չէ լուծել բանակցային ճանապարհով, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»։