Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 10 զոհ, 6 գերի. հակառակորդը գրավել է 2 մարտական դիրք

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չէր կրել։ Նշվում է, որ ընթանում են տեղական նշանակության մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Առայժմ հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Իսկ ոչ պաշտոնական նախնական տվյալներով՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ այսօր ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 10 հայ զինվոր, 6-ը՝ գերևարվել են։ Հակառակորդը գրավել է 2 մարտական դիրք։

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ՀՀ ՊՆ-ն հայտնում է նաև, որ թշնամու նախաձեռնած հարձակումն ուղեկցվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակմանն անցնելը տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։