Գյումրիում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 5 մարդ

Առնվազն 5 մարդ է տուժել այս գիշեր Գյումրիում գրանցված հրդեհի պատճառով. նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինու­թյուն։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նշված թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին: Այրվել է շքամուտքում կուտակած կենցաղային աղբը (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):

Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխվել Կ․Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապա­տաս­խան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկ­ները Ա․Օ․-ի և Մ․Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․Օ․-ինը՝ ծանր։