Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է օրեր առաջ Շուշիի մոտ գնդակահարված հայ երիտասարդի եղբայրն այսօր գնում Շուշի ու նռնակ նետում թշնամու հենակետի վրա

Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինվորականի կողմից գնդակահարված հայ երիտասարդի եղբայրը փորձել է վրեժխնդիր լինել թշնամուց։ Նա նռնակ է նետել ոսոխի հենակետի ուղղությամբ։ Միջադեպի պատճառով առժամանակ փակված Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը, ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, արդեն երկկողմանի բաց է:

Նշվում է, որ մայրուղիով ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովելու է ռուսական խաղաղապահ զորակազմը: Ոստիկանությունը խոստանում է ավելի ուշ հավելյալ տեղեկատվություն տրամադրել միջադեպի վերաբերյալ։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է: «Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,- մասնավորապես նշված էր այդ կապակցությամբ տարածված հայտարարության մեջ:

Խոսքը, հավանաբար, ներկայացվող տեսանյութում երևացող միջադեպի մասին է։ Երկուշաբթի օրը Շուշիի մոտ շինարարական աշխատանքներ կատարող հայ արհեստավորները ենթարկվել էին թշնամու նենգ հարձակմանը։ Աշխատանքային խմբի չորս անդամների ուղղությամբ կրակ էր բացվել, ինչի արդյունքում երեք մարդ վիրավորվել էր, իսկ մեկը՝ սպանվել։