Հրապարակվել է հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ապացուցող զեկույց

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի ընթացքում այդ կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մասին իր հերթական զեկույցը, որի առանցքում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած պատերազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին վկայող փաստերն են։ Նշվում է, որ 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության միտումնավոր թիրախավորմամբ, գերիներին կտտանքի ենթարկելու դեպքերով և արտադատական սպանություններով, որոնք վկայում են Արցախը բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության մասին:

«Այսօր ներկայացնում ենք բավականին ծանր զեկույց։ Նկատի ունեմ փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա», — նշել է Ս. Սաֆարյանը:

Սա 44-օրյա պատերազմի վերաբերյալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ներկայացրած երրորդ զեկույցն է։ Դրանում հանգամանալից՝ փաստերով և հղումներով ներկայացված են Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիաների և միջազգային այլ փաստաթղթերի կոպտագույն խախտումները, իրականացված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների, լրագրողների թիրախավորումը, միջազգային իրավունքով արգելված զինատեսակների համատարած կիրառումը, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունները, հայկական պատմամշակութային հուշարձանների թիրախավորումը և ոչնչացումը, Թուրքիայի դերակատարումը պատերազմում և վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավումը։

ՄԱՀՀԻ-ն սեպտեմբերի 27-ին հրապարակել էր «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները» վերտառությամբ զեկույցը, իսկ նոյեմբերի 9-ին՝ «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցը։ Շուտով ինստիտուտը կհրապարակի Արցախյան երկրորդ պատերազմին վերաբերող ևս մեկ զեկույց: