Մհեր Գրիգորյանը կոշտ հակադարձել ու իրականություն է վերադարձրել Ադրբեջանի վարչապետին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հեռակա բանավեճ է ծագել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։

Մեր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոշտ է արձագանքել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ասադովն իր երկրի նախագահի օրինակով պնդել է, որ ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, և Ադրբեջանում ներկայումս  երկու նոր շրջան կա՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի։

Դրան ի պատասխան Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի միջոցով։ «Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը ու կմնա այդպիսին։ Ընդ որում, ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով, տարածաշրջանի՝ խաղաղ զարգացման փուլ մտնելու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության ու թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- նշել է Գրիգորյանը: