Ալիևը պատմել է, թե ինչպես է պատրաստվել «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում, հայտարարել է, որ գրավելով Լեռնային Ղարաբաղը՝ կատարել է դեռ 2003 թվականին իր ժողովրդին տված խոստումը։

«2003-ին, առաջին անգամ ընտրվելով նախագահ, ադրբեջանական ժողովրդին, հայտարարեցի, որ մենք ամեն գնով թշնամուց կազատագրենք մեր պատմական հողերը: Պատերազմով կամ խաղաղ ճանապարհով՝ կարևոր չէ»,- նշել է Ալիևը:

Նա պնդում է, որ երկարատև բանակցություններն անարդյունավետ են եղել։ «Արդյունքները զրոյական էին: Ընդհակառակը, թշնամին առավել անվերահսկելի և հանդուգն էր դառնում: Եթե օկուպացիայի առաջին տարիներին ինձ մոտ դեռ բանակցությունների որոշակի հույս կար, ապա վերջին շրջանում այդ հույսերն ամբողջությամբ վերացել էին: Հայաստանը և նրա աջակիցները ցանկանում էին հավերժացնել օկուպացիան: Նրանք կարծում էին, որ եթե կարողացել են մեր հողերն օկուպացված պահել մոտ 30 տարի, ապա դրանից հետո էլ կկարողանան հավերժ օկուպացված պահել: Բայց նրանք սխալվում էին»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը պատմել է նաև, որ երկար տարիներ աշխատանքներ են տարվել «Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրն ապաօկուպացնելու» ուղղությամբ: Ըստ այդմ, որպես երկրի ղեկավար, իր հիմնական խնդիրն է եղել մեծացնել ռազմական ներուժը. «Իմ նախագահության ընթացքում պաշտպանական ծախսերը դարձել են մեր բյուջեի ծախսերի հիմնական մասը: Այդ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ուժեղ ռազմատեխնիկական ներուժ: Գնվել է ամենաժամանակակից զենքը, տեխնիկան, և մեր զինվորականներն օգտագործել են այն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա ապացույցն է»։

Ալիևը նշել է, որ պատերազմում իրենց հաղթանակի ևս մեկ կարևոր գործոն էր երկրի տնտեսական ներուժի ամրապնդումը: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ էր ապահովել տնտեսական անկախություն: Ուստի, որպես նախագահ, առաջին իսկ օրվանից քայլեր եմ ձեռնարկել տնտեսական անկախություն ապահովելու համար, և կարճ ժամկետում իրագործել այդ խնդիրը։ Այսօր աշխարհում իր տնտեսական ներուժով և տնտեսական կայունությամբ Ադրբեջանն առաջատար դիրքեր է զբաղեցնում»,- նշել է Ալիևը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որ տնտեսական անկախությանը զուգահեռ ապահովել է նաև քաղաքական անկախություն։

«Ադրբեջանը վերականգնեց տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը։ Մենք կատարեցինք պատմական առաքելություն՝ վտարելով թշնամուն մեր հողերից։ Այսուհետ հավերժ կապրենք Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։ Մենք հաջող գործողություն ենք իրականացրել մեր հողում, չենք խախտել միջազգային իրավունքը, չենք խախտել պատերազմական կանոնները: Մենք արդար պատերազմ ենք վարել և հաղթել թշնամուն մարտի դաշտում։ Եթե Հայաստանում գլուխ բարձրացնեն ռևանշիստական ուժերը, ապա նրանք կրկին կզգան մեր երկաթե բռունցքի ուժը»,- եզրափակել է նա։